Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր բարդությունների: Մենք մի քանի անգամ ամենատարբեր ֆորմատներն ենք փորձարկել, թե ինչպես իմի բերենք, քննարկենք և լուծումներ տանք այդ խնդիրներին, որպեսզի ներդրողների համար ներդրումային գործընթացն առավել սահուն ընթանա:
Այդ գործընթացի արդյունքում, ի վերջո, հանգել ենք եզրակացության՝ փորձարկելու հետևյալ լուծումը, որպեսզի վարչապետը, փոխվարչապետերը և ճյուղային նախարարները ներգրավվեն Ներդրումների աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհրդում: Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղեկցման անհրաժեշտություն ունեն, կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում, ըստ անհրաժեշտության կհրավիրվեն նաև գործառույթ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները և սա կդարձնենք ներդրումային ծրագրերի քննարկման հարթակ: Այսօր մեր նպատակն է, որպեսզի մենք այս տրամաբանությամբ նորից նայենք Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը և գնանք առաջ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի կանոնադրությանը, գործառույթներին և այն քայլերին վերաբերող հարցեր, որոնք միտված են ներդրումների սահուն ընթացքի ապահովմանը, Հայաստանը ներդրումային գրավիչ միջավայր դարձնելուն, ներդրումների խթանմանն ու ներգրավմանը:
«Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից ներկայացվել է հաշվետվություն, որը վերաբերել է 2020 թվականի մայիսից ի վեր ներդրողներին ցուցաբերված օժանդակությանը, ներդրողներին ուղեկցելուն, տարբեր խնդիրների լուծմանը հասնելու գործում կատարված աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել այն ներդրումային նախագծերին, այդ թվում՝ ներկայացված օտարերկրյա ընկերությունների կողմից, որոնք ներկայումս գտնվում են «Էնթերփրայզ Արմենիա»-ի հարթակում:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում խորհրդի նոր կազմը հաստատելուց հետո կազմակերպել խորհրդակցություն և ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք բախվել են տարբեր խնդիրների և առաջ չեն շարժվում: Խորհուրդը մանրամասն կքննարկի խոչընդոտները և կփորձի գտնել համապատասխան լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					