ՀՀ իշխանությունը Ռուսաստանից ակնկալում է, որ իր ռազմավարական գործընկերը կօգնի լուծել Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա պատասխանել է հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում Երեւանը՝ դիմելով Մոսկվային 1997թ․ պայմանագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանը կոչ է արել Ռուսաստանին «պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Պատրաստվում է գրավոր դիմում»,-հավելել է նա։
«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձության սկզբունքով օգնել միմյանց։ Դա էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,-ասել է Գրիգորյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում։
Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։
Ավելի վաղ Գրիգորյանը հասկացրել էր, որ «Երեւանը կարող է օգնություն խնդրել նաեւ միջազգային գործընկերներից»։ Ռուսական պարբերականի հետ զրույցում նա վստահեցրել է, որ առաջնահերթ են հենց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն։ «Սակայն եթե որոշում չկայացվի, ապա մենք կդիտարկենք նաեւ այլ հնարավորություններ»,-հավելել է ՀՀ ԱԽ քարտուղարը։