կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Կանաց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» աղմկահարույց օրենքում փոփոխություններ անելու նախագիծը:
Ըստ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի հիմնավորման` «վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել, չնայած այն հանգամանքին, որ օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները»:
Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ միջազգային հիմնական փաստաթուղթը` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ըստ որի պետությունը ստանձնել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ պարտավորություններ, կոչ է անում մասնակից պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձևերով և համապատասխան բոլոր միջոցներով` ներառյալ օրենսդրական միջոցները, վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն: Բացի այդ, վերոհիշյալ փաստաթղթում «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» եզրույթներ գործածված չեն:
Ուստի նոր նախագծում կառավարությունը հայտարարում է, թե «հաշվի առնելով հասարակության և Հայ Առաքելական եկեղեցու մտահոգությունը օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, սույն նախագծով առաջարկվում է օրենքից հանել այն հասկացությունները, որոնք հնարավոր տարընկալման առիթ կարող են հանդիսանալ»:
Մեր տեղեկություններով` ստորագրահավաքի հարցում առավել ակտիվ են եղել ավետարանական ընտանիքի եկեղեցիները, որոնք մի քանի տասնյակ հազար ստորագրություններ են հավաքել վերոնշյալ օրենքի դեմ: