Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը:
Նա մեղադրվում է 2009-19թթ. թվականներին ՀՀ ՊՆ N զորամասում որպես զորամասի հրամանատար աշխատելու ժամանակ Տավուշի մարզի Պառավաքար, Մովսես, Նավուր եւ Վազաշեն գյուղերի մեկական բնակչի անվճար վիրահատելու եւ, դրա հետեւանքով, իր ղեկավարած զինհոսպիտալին 670.000 ՀՀ դրամ գումարի վնաս պատճառելու համար:
Էդուարդ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքը կատարել է հիվանդների վճարունակ չլինելու պատճառով, և որ իր անձնական միջոցների հաշվին վերականգնել է պետությանը պատճառած վնասը` 670.000 ՀՀ դրամը: Գործով դատավոր Մելքոնյանը 2019 թվականին որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրիգորյանը հանցագործությունը կատարել է կարեկցանքից դրդված, ու չնայած վիրահատված անձանցից ՀՀ կառավարության որոշմամբ նշված գումարների գանձում չի կատարել, սակայն վերականգնել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Մովսես, Նավուր և Վազաշեն գյուղերի համապատասխան բնակիչների առողջությունը: Սակայն դատարանի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազությունը հետագայում բողոքարկել է, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի 2020թ․ փետրվարի 21-ի վճռով բողոքը մասնակի բավարարել է, և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Էդուարդ Գրիգորյանը 2019թ. դեկտեմբերի 27-ից զբաղեցնում է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը: