«Սատանան «դետալների» մեջ է թաքնվում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց Ասոցացման պայմանագիրը քաղաքագետ՝ Ալեքսանդր Մարկարովը՝ նկատի ունենալով, որ փաստաթուղթը դեռ հրապարակված չէ:
Խոսելով հայկական կողմերի վարած քաղաքականության մասին՝ քաղաքագետը նշեց՝ դա քաղաքականություն է, որ Հայաստանը իրականացնում է շատ երկար: «Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները երկու բևեռների հետ. և´ Ռուսաստանի, և´ Եվրոպայի հետ: Դա արդյունք տալիս է, որովհետև մի կողմը չի նվազեցնում հարաբերությունների մակարդակը, իսկ մյուսը փորձում է հարաբերությունների մեջ նոր փուլ սկսել»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:
Հայաստանը փորձում է պահել անվտանգության հարցում համագործակցությունը Ռուսաստանի հետ և ավելի դյուրին դարձնել հարաբերությունները Եվրոպայի հետ. «Այստեղ խոսքը ոչ թե ԵՄ-ի մասին է գնում, այլ ինտեգրման»,- ասաց քաղաքագետը:
«Անվտանգության հարցը ամենաբարդ հարցն է Ասոցացման ստորագրման ճանապարհին. Բրյուսելը հանդես չի գալիս որպես Կովկասի անվտանգությունը ապահովող, չկան մեխանիզմներ, որ կարող են երաշխավորել Հայաստանի կամ Կովկասի մյուս որևէ պետության անվտանգությունը: Եվ Հայաստանը շարունակում է համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, փորձում է պահել կապը Ռուսաստանի հետ»,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովը հավելեց նաև, որ Ասոցացման պայմանագրի վրա աշխատանքները կշարունակվեն նախաստորագրումից առաջ և հետո: