«Թուրքիան նպատակ է հետապնդում ոչնչացնել Սիրիայի հայ համայնքը, որը կազմում է արևմտահայության կորիզը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով որ Ջիհադի գաղափարի աղավաղված տարբերակը գործում է զինյալների մոտ. դրանք դաժան վերաբերմունք են ցուցաբերում քրիստոնյաների ՝ մասնավորապես քրիստոնյա արաբների և հայերի նկատմամբ:
Ըստ արևելագետի՝ Սիրիական ճգնաժամում կան մի քանի կարևոր կետեր. նախ՝ քիմիական զենքի կիրառումը, անկախ նրանից, թե ով է գործածողը, հանցագործություն է և պետք է պատժվի: Սակայն այդ պատիժը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում, ինչը չի ներառում ԱՄՆ-ի զինված ուժերի պատասխան հարվածը: Պետք է պատասխանատվության կանչվեն կոնկրետ անձինք, ովքեր այդ գործողության հրամանն են արձակել: :
Կա հարցի քաղաքական և աշխարհաքաղաքական կողմը: Հայաստանը ևս ունի անմիջական շահեր, քանի որ Սիրիահայ համայնքը արդեն երկու տարի գտնվում է ռազմական գոտում:
Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է , որ ստեղծված իրավիճակում կա սադրանքի գործոնը: Այն նպատակ ուներ Մերձավոր Արևելքը ներքաշել պատերազմական գործողությունների մեջ: Սակայն հեղինակը ոչ թե ԱՄՆ-ն են, այլ այն ծայրահեղական ուժերը, որ սկսել են Մերձավոր Արևելքը փոխելու ծրագիրը: Դրանք այն ուժերն են, ովքեր զինում են ապստամբներին: «Դրանց մեջ մտնում է նաև Թուրքիան: Դա են վկայում արտգործնախարար Դավիթօղլու արագ արձագանքը, թե Թուրքիան պատրաստ է պատերազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ, և այն հանգամանքը, որ զինյալները միանգամից հավաքվեցին Ստամբուլում: Այս ամենը խորհելու տեղիք է տալիս».- նշեց նա: