«Եթե անգամ ԱՄՆ-ն զինված գործողություն սկսի Սիրիայի դեմ, դա կլինի ուշ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ բացատրելով դա նրանով, որ ՄԱԿ-ին որոշում կայացնելու համար մի քանի օր պետք կգա: Բացի այդ, 5-6 օրից տեղի կունենա «Մեծ քսանյակի» հանդիպումը Պետերբուրգում: Միայն դրանից հետո Միացյալ Նահանգները որոշում կկայացնի:
«Եթե անտեսելով ՄԱԿ-ի որոշումը, ինչպես Իրաքի դեպքում, ԱՄՆ–ն այնուամենայնիվ զինված գործողություններ սկսի, դա կթուլացնի ՄԱԿ-ը, ինչը վատ հետևանքներ կունենա նաև ԱՄՆ-ի համար, որովհետև իր դեմ կհանի ամբողջ իսլամական աշխարհը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Հայտնի է, որ այդ իրավիճակում կարևոր է նաև Ռուսաստանի դերը: Ըստ քաղաքագետի՝ եթե ռուսական նավերը արագ շարժվեն, ապա ԱՄՆ-ի հարվածը ավելի արագ կլիներ: «Պետք է հիշել, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, և ռազմական հնարավորությունների առումով զիջում է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին ծովում Ռուսաստանը փորձում է դիվանագիտորեն մոտենալ հարցին: Եթե հնարավոր լինի խուսափել ԱՄՆ-ի ռազմական հարվածից, դա առաջին հերթին ռուսական դիվանագիտության հաղթանակը կլինի»,- նշեց նա:
Ըստ Սաֆրաստյանի՝ եթե հաղթեն ապստամբները, ամենայն հավանականությամբ նրանք էլ կկազմեն իշխանությունը. «Կկառավարեն ահաբեկիչները և ծայրահեղականները, իսկ դա առաջին հերթին վտանգ է ներկայացնում հենց Արևմուտքի համար: Նրանք գիտեն, ով իշխի Սիրիայում, կիշխի նաև Մերձավոր Արևելքի մեծ հատվածի վրա»:
«Մերձավոր Արևելքը կանգնած է մեծ փոփոխությունների շեմին: Դրանք շատ բարդ և վտանգավոր փոփոխություններ են, և, չեմ կարծում, թե Արևմուտքը պատրաստ է դրան»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Սիրիային իշխողը, կիշխի նաև Մերձավոր Արևելքում. Ռուբեն Սաֆրաստյան
