Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ երեկ Սոչիում ստորագրած փաստաթուղթը Հայաստանին բացարձակապես ձեռնտու չէ, այն ձեռնտու է Հայաստանի ներկայիս ղեկավարին՝ կապիտուլյանտին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Այդ հայտարարության մեջ կարո՞ղ եք մի տող կամ մեկ բառ գտնել, որը բխում է Հայաստանի շահերից։ Գործող վարչապետը երբեք չի ներկայացրել ու չի ներկայացնում Հայաստանի շահերը։ Եռակողմ հանդիպման ժամանակ, գործող վարչապետն օգտագործեց պահվող եւ պատանդներ տերմինները, ռազմագերիներ տերմինը չօգտագործեց։ Ավելին՝ ինքը Ալիեւին լրացրեց ու ասաց, որ բոլոր կետերը չէ, որ կատրաված են, այս կետը նույնպես կատարված չէ։ Հայտարարության մեջ ասվում էր 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եւ 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարությունների չկատարված կետերի մասին, այնուհետեւ թվարկվում են այդ կետերը, այնտեղ ոչինչ դրա մասին չկար։ Ադրբեջանի բոլոր պահանջներն այստեղ (նկատի ունի երեկ ստորագրված փաստաթղթում,-խմբ․) արտացոլված են»,- ասաց Դավիթ Շահնզարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը, Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները փաստաթուղթ են ստորագրել, որով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է ստեղծվի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով։
Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ գործող իշխանությունները հայտարարում են, թե միջանցք չի լինելու, բայց կողմ են, որ Ադրբեջանն ու Նախիջեւանը կապվեն։
«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս պայամաններում կամ առաջիկայում, ինչպես ինքն է ասում ՝ ադրբեջանական բեռնատարն անցնում է Հայաստանի մաքսակետը, այնուհետեւ Հայաստանի տարածքով 40-50 կմ ազատ անցնում է եւ մյուս մաքսակետից դուրս է գալիս։ Երբ, ես ասում եմ, որ հաղորդակցության միջոցներին կողմ եմ, դրանք կարող են լինել միայն ու միայն միջանցքներ, այսինքն՝ այլ ուժեր, ոչ ՀՀ-ն, պետք է ապահովի այդ ճանապարհների անվտանգությունը։ Անհնար է, որ ադրբեջանական մեքենան անցնի Հայաստանի տարածքով ու Հայաստանն ապահովի դրա անվտանգությունը։ Երբ ինքն ասում է՝ միջանցքներ չեն լինելու, լինելու են ճանապարհներ, դա հերթական կեղծիքն է։ Այս վիճակում չեն կարող լինել անցողիկ ճանապարհներ Ադրբեջանի համար, որի անվտանգությունը չի ապահովվելու այլ ուժերի կողմից, մոռացեք այդ մասին»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։