ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն անդրադառնալով խմբակցության պատգամավորների կողմից` նվազագույն աշխատավարձը 75.000 դրամ սահմանելու առաջարկի մերժմանը կառավարության կողմից, հայտարարություն է  տարածել, որում ասվում է.

«ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների` 2014 հունվարից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձերը 75 000 դրամ սահմանելու առաջարկը: Մեր առաջարկում ներկայացված էին հստակ հիմնավորումներն ու ուղիները, սակայն Կառավարությունը հերթական անգամ մերժում է ԲՀԿ-ի՝ ի օգուտ քաղաքացու արվող առաջարկներն ու նախագծերը, օրինակները բազմաթիվ են։ Բայց միևնույն ժամանակ քաղաքական մեծամասնության ու կառավարության շատ անդամներ հաճախ մեղադրում են ԲՀԿ-ին խնդիրները քաղաքականացնելու և իրենց աշխատանքը չգնահատելու մեջ։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ` 2014թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50.000 դրամ, սրանով նաև աղքատության վերին շեմը կհաղթահարվի, 2015թ. նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 55.000 դրամ, իսկ 2016թ.՝ 62.500դրամ:

Վստահ եմ, որ մեր քաղաքացիների ապրելու պայմանները տարեկան 5000-10000 դրամ ավելացման պայմաններում ոչ միայն չի լավանա, այլ տեղի ունեցող աննախադեպ գնաճի պայմաններում կատաստրոֆիկ աստիճանի կվատթարանա։

Հ.Գ. «Համաչափ զարգացման» փոխարեն մտածեք անհամաչափ արտագաղթի մասին»։
Հիշեցնենք որ, կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԲՀԿ պատգամավորների առաջարկը: