Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Դատախազի գործը` ՀՔԾ-ում» վերնագրով հոդվածում ապատեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ դատախազի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել: