Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանի գրառումը. «Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. ասեմ միանգամից։ Հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնույթ։ Այսինքն՝ քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտությունն ու 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողություններն էին, այլ ոչ թե երկկողմ օրակարգերը։ Երկկողմ օրակարգեր առանձնապես չկան (Ադրբեջանի մոտ մի քիչ շատ, մեզ մոտ ավելի քիչ)։ Փաստ է, որ եթե չլիներ 44-օրյա պատերազմը, ո՛չ Պոմպեոն ու Մնացականյանն էին հանդիպելու, ո՛չ էլ Միրզոյանն ու Բլինքենը, քանի որ առանձնապես քննարկելու բան չկա։
Ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն հետպատերազմական Հարավային Կովկասում։
1. Նախ, ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Հարավային Կովկասից՝ որպես գլոբալ գերտերություն։
2. Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն կոմունիկացիաների բացման, այլ նաև Մինսկի Խմբի գործունեության մասին։ Նաև դրա համար է, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել և կողմերը չունեն վերջնական լուծում։ Սա նշանակում է, որ պետք է լինեն բանակցություններ նաև ԱՄՆ ներգրավվածությամբ։
3. ԱՄՆ-ն վերջին տարվա ընթացքում որոշակիորեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից՝ տեղը զիջելով ՌԴ-ին։
4. 3+3 ձևաչափի ձևավորումը նույնպես կնշանակեր ԱՄՆ-ին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից՝ գոնե ուղղակի ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ՝ Վրաստանը հրաժարվում է այս ձևաչափին մասնակցել՝ ԱՄՆ գործոնը հաշվի առնելով։
5. ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել ազդեցիկ գործոն լինել Իրանի հարևանությամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում։
Փաստ է, որ եռակողմ համաձայնությունները պետք է լեգիտիմացվեն նաև Արևմուտքի կողմից։ ԱՄՆ-ն (արդեն երեկ) և ԵՄ-ն (մի քանի օրից Բրյուսելում) կդնեն այդ գործընթացի սկիզբը։ Դա Ռուսաստանին էլ է անհրաժեշտ, քանի որ նախ դա կնշանակի պատասխանատվության կիսում, ինչպես նաև կասկածի տակ այլևս երբեք չի դրվի հայտարարությունների լեգիտիմությունն Արևմուտքի կողմից: 6. Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս լուրջ արդյունք չեն տվել և ԱՄՆ-ն պետք է տարածաշրջանում առավել ամրապնդվելու քաղաքականություն վարի, Իրանին ինչ-որ ձևով զսպելու կամ ճնշելու համար։
Իսկ շատ գլոբալ տեսանկյունից ԱՄՆ քաղաքականությունը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքավորման» բնույթ ունի Հարավային Կովկասի և դրա հարևան երկրների մասով»: