Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններիչ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ավարտվել է Գուրգեն Գրիգորյանի և իր կնոջ գործով դատական նիստը: Այս մասին մենք տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ խմբի կազմում, տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով` խոշտանգել են Գ. Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին և տատիկին` Նազիկ Կարապետյանին:
Գ. Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2 մասի 1–ին, 3–րդ, 5–րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1–ին մասով: Առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել:
Սյուզաննա Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2 մասի 5–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1–ին մասով: Առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012 թվականի փետրվարի 7–ին ժամը 17–ի սահմաններում, ամբաստանյալ Գ.Գրիգորյանը վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում թքել է մոր դեմքին, բռունցքով հարվածել քթին և մի քանի անգամ ապտակել Թ.Գրիգորյանին` պատճառելով ուժեղ ցավ, նրա առողջությանը պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Հաջորդ օրը, 2012թվականի փետրվարի 8–ին ժամը 17–ի սահմաններում, ամբաստանյալ Գ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ կրկին վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում քաշքշել է նրան, ինչը չհանդուրժելով վիճաբանությանը միջամտել է 82-ամյա տատը, գործով մյուս տուժող Նազիկ Կարապետյանը, սակայն ամբաստանյալ Գ.Գրիգորյանը դիտավորյալ ձեռքով հարվածել է նաև վերջինիս դեմքին, ապա հրել, գցել է հատակին, նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունւսկող վնասվածք:
Դատարանը վճռել է Գուրգեն Գրիգորյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 5 տարի ազատազրկման, որը պետք է կրի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում:
Սյուզաննա Գրիգորյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: