Օպերատիվ hետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման, հանքարդյունահանման ապօրինի դեպք:
Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում:
Ստացված տեղեկությունների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժնի կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ առ այն, որ նշված տարածքում իրականացվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի հանքարդյունահանում ֆիզիկական անձի` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից:
Վերջինս այն կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառում ունենալու:
Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հզ խոր. մետր լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 159 միլիոն դրամ:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։