Ռուս խաղաղապահների աջակցությամբ ուխտավորներն ու ԼՂ բնակիչներն այցելել են Ամարասի վանական համալիր։ Խաղաղապահներն ապահովել են ավելի քան 250 ուխտավորների եւ տեղի բնակիչների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են վանք այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը։ Ստեփանակերտ քաղաքից եւ վանքի հարակից բնակավայրերից ուխտավորները ժամանել են Մարտունու շրջան՝ Ամարասում մասնակցելու եկեղեցական արարողության։


«Ռուսական խաղաղապահ զորախումբն իրականացնում է Ամարասի համալիրում ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը։ Ուխտավորները ժամանում են ինչպես շարասյունով, այնպես էլ անձնական մեքենայով, իսկ ծառայությունից մեկ օր առաջ անձնակազմը ստուգում է համալիրը պայթունավտանգ առարկաները վնասազերծելու համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ելենա Ցարեւսկայան։

Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի մոտ։ Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից է եւ գտնվում է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում այն ունեցել է նշանավոր կրոնական եւ մշակութային կենտրոնի կարգավիճակ։