Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքներով կողմերի հայտարարությունները փաստում են, որ քննարկվել է Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման օրակարգը՝ հումանիտար հարցեր, սահմանազատում, հաղորդակցություններ։
ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը ընդգծել է հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը․․․ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․․․ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ասվում է հաղորդագրության մեջ։
Ոչ մի խոսք չկա Արցախի խնդրի վերաբերյալ։ Փաշինյանի ու Ալիեւի միջեւ «հեռակա բանավեճ» է տեղի ունեցել միջանցքների եւ երկաթուղու իրավազորության հարցով, սակայն դա ավելի շատ ընդգծում էր օրակարգի ներդաշնակությունը։
Արցախի խնդրի վերաբերյալ հիշատակություն չկա նաեւ Շառլ Միշելի՝ հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ Փաշինյանն ու Ալիեւը վերահաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կհարգվեն, և որ հիմք կընդունվեն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները։
Լրագիրը բազմիցս անդրադարձել է Սոչիի օրակարգին եւ Հայաստանի համար դրա հետեւանքներին։ Հակիրճ՝ սահմանազատման գործընթացով Արցախի խնդրի փակում, ՀՀ տարածքի վերաձեւում խորհրդային քարտեզներով եւ միջանցքներով՝ Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանի ցամաքային կապի սահմանափակմամբ, 1921-ի Մոսկվա/Կարս պայմանագրի ընդլայնում՝ Նախիջեւանի հարցի լուծմամբ եւ այն թուրքական հենակետի վերածմամբ։ Հաղորդակցությունների «ապաշրջափակումը» լինելու է միակողմանի, Ռուսաստանի հետ երկաթուղային կապը, որի մասին խոսում է Փաշինյանը, ծառայելու է բացառապես Հայաստանի ընդերքը Ռուսաստան կրելուն։ Սոչիի օրակարգը Փաշինյանն ամրագրել է 3+2-ին ՀՀ մասնակցությամբ (տես այստեղ)։
Պուտինը Սոչիում Ալիեւին ու Փաշինյանին Բրյուսել ճանապարհեց հստակ հրահանգով՝ չշեղվել Սոչիի ռուս-թուրքական օրակարգից։ Բրյուսել մեկնելու օրն էլ Փաշինյանը Լիպարիտյանին ուղարկեց ԱԺ՝ պատգամավորներին այս ամենը հիմնավորելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/15/688009/