«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ երեւանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին:

Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան» սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, եւ հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»: Իսկ ահա «Նոր Զովք» -ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այս պահին իրենք կոնկրետ որոշում դեռ չունեն:


Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն, արգելքի մասին ծանուցվել է: «Գուցե փոփոխություն լինի, եւ առաջիկայում մեր սուպերմարկետը եւս իր հաճախորդներին առաջարկի թղթե կամ կտորե տոպրակներ»,- փոխանցեցին «Նոր Զովք»-ից: Ի դեպ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում