Մինչ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ ակնարկներ է անում Հայաստանի դեմ ներքին ու արտաքին դավադրության, պաշտպանությունն ու թիկունքը մտածված քայքայելու մասին, այդպես էլ չպատմելով ողջ ճշմարտությունը Հայաստանի դեմ իրագործվող ռուսական պլանի մասին, Հայաստան դաշինքն արդեն հասցրել է հաստատել, որ պատերազմը դավադիր էր, այն ձեռնտու էր Ռուսաստանին, եւ «հետպատերազմյա կարգավորման» հարցերում վտանգը Ռուսաստանից է։

Փաշինյանի կիսատ-պռատ ակնարկներն իշխանությունը պահպանելու համար են։ Հայաստան դաշինքի հաստատումները՝ իրականության ու Ռուսաստանի շահերը պահելու համադրման բարդության հետեւանք։ Դրա վկայությունը հռչակված «դիմադրության շարժման» բովանդակության անորոշությունն է եւ թեմաները հընթացս փոխելը։

Հետ չի մնում նաեւ իշխող ՔՊ-ն, որը վերջին օրերին ավելի բաց է արտահայտվում։ Սա թերեւս պայմանավորված է դավաճանության մեղադրանքներին հակադարձելու ձգտման հետ։ Ալեն Սիմոնյանի՝ Լավրովի պլանի ու ՌԴ կողմից Ղարաբաղը հանձնելու մասին հիշատակումների սկանդալի ֆոնին ՔՊ պատգամավորներից մեկը հաստատեց, որ Լավրովի պլան կա, պարզապես ռուսներն այդ վերնագիրը չեն սիրում, եւ որ այդ պլանում Արցախի կարգավիճակի հարցը հանված է։

ՔՊ մեկ այլ պատգամավոր երեկ ուշագրավ տեղեկություն հաղորդեց սահմանազատման հարցում ՌԴ մոտեցումների մասին։ Կան 1920-ականների քարտեզներ, սակայն «իրավիճակը կայունացնելու» համար ՌԴ-ն առաջարկել է 1974-ի քարտեզը։ Նշենք, որ մինչ 1974-ը սովետական Հայաստանի տարածքից տարբեր գնահատականներով 4-6 հազար ք/կմ տարածք է նվիրաբերվել «ադրբեջանին», առաջացել են անկլավները, որոնք Պուտինը խոստացել է «կտրել, հավասարեցնել»։ Բնականաբար՝ Հայաստանի հաշվին։

Ընդհանրապես, խորհրդային քարտեզներով սահմանազատումը ծուղակ է՝ այդպիսով փակվում է Արցախի խնդիրը, այն ճանաչվում է «ադրբեջանի տարածք», Մոսկվա-Բաքու համաձայնություններով մասնատվում է հայ պաշտոնյաների ու լրագրող-փորձագետների ասած՝ «ՀՀ ինքնիշխան տարածքը», եւ այլն։ Իսկ իշխանությունը պնդում է, որ Արցախի, սահմանազատման, ապաշրջափակման եւ այլ հարցերը միմյանց հետ կապված չեն։

Այսպիսով, թեեւ նեղ, մերկանտիլ նպատակներից ելնելով, ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերն անում են կարեւոր հայտարարություններ։ Միեւնույն ժամանակ, դա մատնում է նրանց ողորմելի ու անհամարժեք վիճակը։ Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակում, երբ 5000 նահատակների սխրանքի գնով Հայաստանը հայտնվեց հանգուցային կետում՝ դրանից բխող լայն հնարավորություններով, ՀՀ խորհրդարանը ոչ միայն չօգտագործեց այդ հանգամանքը՝ կարեւոր որոշումներով իրավիճակը բեկելու համար, այլեւ ամեն ինչ արեց դրանք չեզոքացնելու համար՝ ընկղմվելով նողկալի ռազբորկաների մեջ։ Ժամանակավոր նահանջն ու պարտությունը տարբեր բաներ են՝ դա չգիտակցվեց, կամ գիտակցաբար նենգափոխվեց։ Հենց դա էլ պետք էր թշնամական տանդեմին։ Պարտությունն այստեղ է, ոչ թե ռազմի դաշտում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/17/688538/