Անվանի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն դարձել է Բելգիայի պատվավոր քաղաքացի:
Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` հղում կատարելով բելգիական իշխանություններին:
2012 թվականի վերջին Դեպարդիեն տուն է գնել Նեշեն քաղաքում, որը գտնվում է Բելգիայի հարավ-արևմուտքում գտնվող ֆրանկախոս Էստեմպյուի կոմունայում:
«Մենք ուրախ ենք, որ Նեշենը դարձել է Ձեր տունը: Ժերար Էստեմպյուին սիրում է Ձեզ»,- դիմելով դերասանին` նշել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը դերասանի պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ: Դերասանը իր հերթին նշել է, որ Նեշենում ապրել հիանալի է:
«Ես աշխատել եմ ամբողջ աշխարհում, սակայն որոշել եմ հիմնվել Նեշենում»,- ասել է դերասանը` նշելով, որ «աշխարհի քաղաքացի է»:
Անցած տարվա վերջին Դեպարդիեն վրդովված Ֆրանսիայի կառավարության ծրագրերով բարձրացնել հարկերը հարուստների համար 75%-ով, հայտարարել էր, որ ցանկանում է հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից: Հունվարի սկզբին դերասանը ստացել էր ռուսական անձնագիր, սակայն պահպանել էր ֆրանսիական քաղաքացիությունը: Այնուհետև պարզ դարձավ, որ նա ցանկանում է քաղաքացիություն ստանալ մի շարք այլ պետություններում: Նրա խոսքերով ինչքան շատ անձնագիր ունենա, այնքան ավելի շատ կկարողանա այցելել տարբեր պետություններ առանց վիզայի: