Երկրի գլխավոր ժամացույցը 80 տարեկան է Այս կապակցությամբ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ին, նախատեսվում է «ժամացուցային-դաշնամուրային առցանց համերգ» Հայաստանի գլխավոր ժամացույցի սրահից՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Իսկ մինչ համերգը՝ ժամացույցի անձնագրի մասին
1941թ. խորը աշնանը Երևանի գլխավոր հրապարակի թամանյանական շենքի աշտարակում տեղադրվեց ժամացույց, որով արդեն 80 տարի է, ինչ համայն հայությունը ստուգում է ժամանակը։
Ժամացույցի անձնագիրը տրվել է 1941թ. մայիսին Մոսկվայի կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում՝ ԽՍՀՄ երաժշտական տեխնոլոգիայի ոլորտի գլխավոր կազմակերպությունում։
Ինժեներ Մագնուշևսկին, որը Կրեմլի Սպասկայա աշտարակի զանգերը վերածրագրավորել էր Խորհրդային Միության օրհներգը հնչեցնելու համար, մշակել է Երևանի ժամացույցի «էլեկտրական շղթայի դիագրամը»։
Ժամացույցի մեխանիզմը պատրաստվել է ռազմական նավաշինարանում։ Ինքը՝ ինժեները, չի կարողացել անձամբ ներկա գտնվել Երևանում աշտարակի ժամացույցի տեղադրմանը, «քանի որ նա ներգրավված է եղել ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) հրատապ հատուկ հանձնարարականն իրականացնելու գործում»,- նշվում է Հայրենական մեծ պատերազմի առաջնագծի երկայնքով Հայաստանի մայրաքաղաք հասած արժեքավոր բեռն ուղեկցող գրության մեջ։