Հայաստանի դեմ ռուս-թուրքական 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան՝ համոզելու Թբիլիսիին միանալ ապագա թուրք-հայ-ադրբեջանա-ռուսական երկաթուղուն։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Պարսից ծոց-Սև ծով երթուղու երկու նախագիծ կա՝ ավտոճանապարհ և երկաթուղի։ «Ավտոմոբիլային երթուղու զարգացման համար մենք կառուցում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհ, որը կապում է հայ-վրացական սահմանը Հայաստան-Իրան սահմանին։ Բայց եթե մեզ հաջողվի համաձայնության գալ Ադրբեջանի հետ Հայաստան-Ադրբեջան ճանապարհային հաղորդակցության հարցում, ապա այս նախագիծը էապես կփոխվի՝ վերածվելով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղու»,- ասել է ՀՀ վարչապետը։


«Մենք արդեն սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է, հուսով ենք ավարտին հասցնել այդ աշխատանքները առաջիկա 2-3 տարում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև որոշ փորձագետների այն կարծիքին, որ երկաթուղային կապի բացումը կարող է ձեռնտու չլինել Վրաստանի համար։ «Ես կտրականապես համաձայն չեմ այս դիրքորոշման հետ, քանի որ եթե Ջուղայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին, մենք կունենանք ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև»,- ասել է Փաշինյանը։

Վրաստանը հրաժարվել է մասնակցել 3+3 ձեւաչափին։ Հայաստանը ոչ միայն չի հրաժարվել ռուս-թուրքական ձեւաչափից, այլև փաստորեն ասում է՝ եթե չմիանաք, մենք Վրաստանը շրջանցող ճանապարհներ կբացենք։ Նշենք, որ Մոսկվան ու Անկարան չեն դադարեցնում Վրաստանին «համոզելու» փորձերը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/21/689479/