«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպունից։ Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր այցից մանրամասներ: Խմբակցությանն ասել է, թե ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել:
Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն էր տեղի ունեցել: Երեկվա փակ հանդիպմանը հիմնականում խոսել է Փաշինյանը, իսկ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հարցեր են ուղղել վարչապետին հանդիպումից հետո սպասվող ակնկալիքների մասին:
Ի դեպ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «գահընկեցությանը», ըստ մեր աղբյուրների, որեւէ անդրադարձ չի եղել, քանի որ, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, «Հայկոյի թեման» թիմում արդեն «փակ է»: Կա նոր քաղաքապետ, որի հետ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում