Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտում է` միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Արցախի նախագահը նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս արտահայտած «Արցախն ամբողջությամբ հայկական մնալ չէր կարող» խոսքի համատեքստում:
Փաշինյանը, հղում անելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նշել էր. «Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա»:
Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը, շարունակել էր հակադարձել Արցախի նախագահը, որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է:
Հավատարիմ ասածը մի քանի անգամ սրբագրելու անդավաճան բնավորությանը` Փաշինյանը որոշ ժամանակ անց նոր հայտարարություն էր արել՝ ասելով, թե 2018-ին` վարչապետի պաշտոնը ստանձնելիս, ասել է, որ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով` Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները։
Փաշինյանի իրարամերժ ու տրամաբանական որևէ կապով միմյանց հետ չկապվող հայտարարություններին, ապա դրանց մեկնությանն Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես անդրադարձել էր` ահազանգելով, թե «այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»:
Պատմության մեջ առաջին անգամ, փաստորեն, հայկական երկու պետությունների ղեկավարների ասածները հակասում են մեկը մյուսին: Արցախի թիվ մեկ պաշտոնյան, փաստացի, առաջին անգամ հակադրվում է Հայաստանի իր գործընկերոջը: Սա նոնսես է:
Վարչապետ Փաշինյանը, որ կարծում է, թե ԼՂԻՄ-ը միանշանակ հայկական չէր, փաստորեն պարարտ հող է ստեղծում հակառակորդների համար, որոնք սեփական հնարածին թեզերն առաջ քաշելու համար հղում անելու հիանալի աղբյուր ունեն:
Փաշինյանի հայտարարությունն ու դրան հետևած մեկնաբանությունները ոչ այլ ինչ էին, քան հայկական երկու պետությունների միջև սեպ խրելու փորձ, ինչը տարիներով երազել է իրագործել Ադրբեջանը: