Դեռևս 2010թ ապրիլ ամսին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո հայտարարվեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Նախատեսվում էր Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում (Բուսաբանական այգու հարևանությամբ) կառուցել նոր բազմաբնակարան շենքային համալիր: Շինարարական աշխատանքները մեկնարկվել է 2010 թ. մայիսին և նախատեսվում էր ավարտել 2013 թ. ապրիլին:

Սակայն շահագործումը երկարաձգվեց և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը իր կայքում դեռևս ապրիլ ամսին հայտարարություն էր տեղադրել այն մասին, որ շինարարական աշխատանքներն ավարտին չեն հասցվել և շենքի շահագործումը հետաձգվում է:

Այս ընթացքում շենքի մի խումբ շահառուներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին պաշտոնական նամակներով և հանդիպումների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել շենքի՝ ժամանակին չշահագործելու հետ կապված, ինչպես նաև պահանջել են հստակ տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի և շենքի բոլոր բնակարանների հանձնման և շահառուների՝ բնակարան մուտք գործելու վերջնական ժամանակացույցի մասին:

Շենքը մինչև այս պահը դեռ չի հանձնվել շահառուներին: YerevanNews.am-ի հետ զրույցում Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի շահառու Ալվինա Աղաբաբյանը հայտնեց, որ դեռևս հուլիս ամսին հանդիպել են Արսեն Քարամյանի հետ և վերջինս տեղեկացրել է, որ օգոստոսի 15-ից բնակարանները կհանձնվեն շահառուներին:

Սակայն հետագայում պարզվել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը դեռևս օգոստոսի սկզբից մեկնել է արձակուրդի և վերադառնալու է միայն սեպտեմբերի 3-ին:

«Ստացվեց, որ պարոն Քարամյան մեզ նախապես օր ասեց, քաջ իմանալով, որ ինքն այստեղ չի լինելու: Մենք մի քանի օր առաջ ենք այցելել շենք` պարզելու համար, թե որ փուլում են գտնվում շինարարական աշխատանքները, սակայն պարզվեց, որ շենքի մինչև 5-րդ հարկն ամբողջությամբ պատրաստ է, բայց դրանից վերև ինչքան բարձրանում էինք, այնքան ավելի վատ վիճակում էր: Անձամբ իմ բնակարանը 10-րդ հարկում է, դռները դրված չէր, պատերը ներկված չէր, իսկ վերջին հարկերում մանրահատակն էլ անգամ պատրաստ չէր»,-իր խոսքում նշեց Ալվինա Աղաբաբյանը:

Վերջինս հայտնեց, որ երբ այցելել են շինարարության վայր, այնտեղ չեն տեսել ոչ մի շինարարի, քանի որ աշխատանքները դադարեցված են եղել:
«Տարբեր խոսակցություններ ենք լսել, որ շինարարաներն արդեն 6-7 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, դրա համար էլ չեն աշխատում: Բայց, թե գումարը ով չի տևել, դա արդեն մեզ անհայտ է, քանի որ մենք` շահառուներս, վճարել ենք: Մեր պատճառով չէ, որ շինարարությունը դադարեցվել է»,-նշեց Ալվինա Աղաբաբյանը:
Վերջինս հայտնեց, որ, ըստ պայմանագրի, գումարի 85%-ը նախապես են վճարել` շինարարությունը սկսելու համար, իսկ մնացած 15 %-ը պետք է վճարեն բնակարանը ստանալուց հետո միայն:

«Մարդիկ կան, ովքեր 15 տոկոսն էլ են վճարել: Մենք վճարել ենք, բայց թե այդ գումարը, որ փուլում և ում մոտ է եղել, ես դա արդեն չգիտեմ, բայց ստացվում է, որ շինարարին էլ գումար չի հասել»,-նշեց Ա. Աղաբաբյանը:

Ի ՞նչ է ստացվում: Ստացվում է, որ շահառուն մինչ շինարարության սկսվելը հանձնել է գումարի մեծ մասը` ակնկալելով նշված ժամկետում ստանալ իր բնակարանը, սակայն մի քանի անգամ հետաձգվելուց հետո հայտնվել է անորոշության մեջ և այժմ էլ ՀՀ սպորտի և երիատասարդության հարցերի փոխնախարարը, ով միակ պատասխանատուն է հանդիսանում այս բնակարանաշինության, արձակուրդում է գտնվում:

YerevanNews.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ, սակայն վերջինիս բջջային հեռախոսն անջատված էր, իսկ ընդունարանի աշխատակցուհին հայտնեց, որ նա կվերադառնա արձակուրդից միայն սեպտեմբերի 3-ին, իսկ նրա փոխարեն ոչ ոք իրավասու չէ պատասխանել մեր հարցերին:

«Բնակիչներից շատերը վարձով են ապրում, մի մասը վարկ է վերցրել` բնակարանի գումարը մարելու համար ու արդյունքում հայտնվել է բարդ իրավիճակում` և վարկի գումարն է մարում և վարձով բնակարանի: Շինարարը մեղքը գցում է Քարամյանի վրա, Քարամյանը` շինարարի: Արդյունքում նա իր գումարը չի ստանում, մենք էլ մեր բնակարանը»,-ասաց Ալվինա Աղաբաբյանը:

Հ.Գ. Հարցազրույցի ավարտից հետո Ալվինա Աղաբաբյանը հետ զանգահարեց մեր խմբագրություն և հայտնեց, որ քիչ առաջ է տեղեկացել, որ շենքում նորից սկսվել են շինարարական աշխատանքները: Թե երբ կավարտվեն աշխատանքները և ինչքան կշարունակեն աշխատել շինարարները, դեռևս անհայտ են: Այս և մնացած բոլոր հարցերի պատասխանները կստանանք միայն Արսեն Քարամյանի արձակուրդից վերադառնալուց հետո:

 

Անի Բաղդասարյան

 

Տեսանյութը Ալվինա Աղաբաբյանի youtube-յան էջից