Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ ավարտվել է Ալվինա Հարությունյանի գործով դատական նիստը: Այս մասին մենք իմանում ենք  Datalex տեղեկատվական համակարգից:

Ալվինա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 27-ին ժամը 00:30-ի սահմաններում վարելով «ՀԱՄՄԵՐ Հ2» մակնիշի ավտոմեքենան և ընթանալով Երևան-Սևան ավտոճանապարհի 8 կմ հատվածով ` դեպի Սևան տանող ուղեմասով , խախտել է «Ճանապարհային Անվտանգության Ապահովման մասին » ՀՀ օրենքի 24 հոդվածի 7ա կետի , ՀՀ Ճանապարհային Երթևեկության Կանոնների 65 և 67 կետի պահանջները, այն է ` առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում , տրանսպորտային միջոցը վարել է տվյալ պայմանների համար սահմանված առավելագույն արագությունը գերազանցող մոտ 100-120կմ/ժ արագությամբ , հաշվի չի առել ճանապարհայի և օդերևութաբանական պայմանները , մասնավորապես ճանապարհի ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ , որի հետևանքով նշված մեքենայից բռնված Նարեկ Զարգարյանը վայր է ընկել ճանապարհի ծածկույթին , ստացել կրծքավանդակի փակ , բութ վնասվածք և առաջացած հեմոռռագիկ շոկից մահացել է :

Ալվինա Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանում ամբաստանյալ Ալվինա Կարապետի Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Նարեկ Զարգարյանի հետ ծանոթացել է չորս տարի առաջ, իրենց հարաբերությունները եղել են շատ լավ, կարելի է ասել ապրել են որպես ամուսիններ: Սակայն Նարեկի մայրն ի սկզբանե դեմ է եղել նրանց հարաբերություններին:

Ալվինայի խոսքերով, դեպքի օրը, մայրիկի հետ միասին, հրավիրված են եղել Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանյաին համալիր վերջինիս ընկերուհու ծննդյան տոնի արարողությանը մասնակցելու: Այնուհետև տեղեկացել է. որ Նարեկն ու նրա ընկերը ռեստորանի բակում են: Չունենալով այլ ելք, նստել է Նարեկ Զարգարյանի կողմից վարած «Համմեր Հ-2» մակնիշի ավտոմեքենան: Իր մեքենան նստելուց հետո, Նարեկն անմիջապես այն վարել է դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհով: Նարեկն ավտոմեքենան վարել արագ, եղել է իր վրա բարկացած և ճանապարհին անընդհատ վիճաբանել է իր հետ առանց իրեն տեղեկացնելու «Բելաջիո» ռեստորան, միջոցառման այցելելու համար: Դրանից հետո, նույն պատճառով սկսել է ծեծի ենթարկել իրեն:

Ճանապարհին՝ ընթացքի ժամանակ, ինքը շարունակաբար խնդրել է Նարեկին կանգեցնել ավտոմեքենան, խնդրել է բաց թողնել իրեն, սակայն վերջինս շարունակել է ընթանալ միաժամանակ հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: Չունենալով այլ ելք, ինքը մի պահ ցանկացել է ընթացքի ժամանակ բացել մեքենայի դուռը և դուրս նետվել, սակայն դա տեսնելով, Նարեկը կանգնեցրել է ավտոմեքենան, լույսերը թողել միացրած, իսկ շարժիչը՝ գործարկված վիճակում: Ինքը փորձել է իջնել մեքենայից, սակայն այդ պահին իրեն է մոտեցել Նարեկը և կրկին ստիպողաբար` մազերից քաշելով, նստեցրել է մեքենայի առջևի աջ նստատեղին: Երբ նա դրսից փակել է դուռը, մեքենայի դռների փականներն ինքնուրույն փակվել են և Նարեկը գալով վարորդի դռան կողմը չի կարողացել բացել այն, ուստի կրկին փորձել է մեքենայի ետնամասով պտտվել ու գալ դեպքի մեքենայի աջ կողմը:
Վախենալով, որ Նարեկը կարող է իրեն նորից ծեծի ենթարկել, նրանից փախչելու նպատակով, ինքն անմիջապես իր ուղևորի, նստատեղից տեղափոխվել է մեքենայի վարորդի նստատեղին, փոխանցման տուփի լծակը դրել «ընթացք» դիրքում և սկսել ընթանալ: Կանգնելուց և մեքենայից իջնելուց հետո, ետ է նայել և տեսել, որ ճամփեզրին բավականին մարդիկ են հավաքվել: Մի քիչ առաջանալով դեպի նրանց կողմը, նկատել է, որ Նարեկն ընկած է գետնին:

Ամբաստանյալը դատարանում հայտնել է, որ ինքն իրականում Նարեկ Զարգարյանին սպանելու կամ նրան անզգուշությամբ մահ պատճառելու որևէ նպատակ կամ դիտավորություն չի ունեցել: Նշել է, որ չնայած Նարեկի ծնողները դեմ են եղել իրենց հարաբերություններին, սակայն իրենք սիրել են միմյանց և հնարավոր չէ, որ ինքը ցանկանար Նարեկին որևէ վնաս պատճառել: Ինքը պնդում է, որ փորձել է խույս տալ Նարեկի հերթական ծեծից և մեքենան վարելով, փորձել է հեռվանալ նրանից իր ապահովության համար:

Դատարանը վճռել է Ալվինա Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում 3 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Նշենք, որ դատավճիռը բողոքարկվել է և Քրեական և զինվորական Վերաքննիչ դատարան: