Իր քաղաքական խմբակի Ամանորի ընդունելությանը Նիկոլ Փաշինյանի ելույթը թերեւս ամենակապակցվածն է, նկատի առնելով, որ վերջին շրջանում ավելի շատ ստիպված էր խոսել հետնամուտքից ընդունված որոշումների մասին՝ պոստֆակտում ներկայացնելով դրանք հանրությանը։ 2021-ն այդ առումով «պտղաբեր» էր Փաշինյանի ու ՔՊ խմբակի համար․ որոշումներն արդեն կայացվել են, Փաշինյանը հայտարարել է Արցախից հրաժարվելու մասին՝ այն ճանաչելով «Ադրբեջանի» տարածք, համաձայնություն է տվել միջանցքներին ու սահմանազատմանը Բաքվի ու Մոսկվայի պայմաններով՝ հայկական տարածքների նոր կորուստներով, համաձայնություն է տվել Մոսկվա/Կարսի պայմանագրերի ընդլայնված վերահաստատմանը՝ Նախիջեւանը պրոտեկտորատից «Ադրբեջանի» տարածք, Կարս-Արարատը՝ Թուրքիայի տարածք ճանաչմամբ, կցվել է 3+2 եւ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» ռուս-թուրքական ձեւաչափին։
Նիկոլ Փաշինյանի համար սա «խաղաղ դարաշրջանն է»՝ Հայաստանի պետականության վերացումը, հայկական իրավունքներից ու պահանջներից, սուբյեկտությունից հրաժարվելով եւ պատմությունը նոյեմբերի 9-ից սկսելով։ Փաշինյանի ելույթը ծայրից ծայր սրա մասին է եւ, ինչպես նշեցինք՝ այս անգամ առավել կապակցված ու հստակ։ Հանուն իր ու խմբակի իշխանության պահպանման՝ Փաշինյանը գիտակցաբար գնացել է նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը շրջելու բազմաթիվ նպաստավոր հնարավորությունների չեզոքացմանը, միանալով թշնամական տանդեմի ծրագրերին։
Փաշինյանի ելույթը մինչնոյեմբեր9-ի Հայաստանը «փակելու» մասին է, իսկ Արցախյան երեք պատերազմները, նահատակները մոտիվացիա են «իրենց երազած Հայաստանը» կերտելու համար՝ հաստատակամ գնալու այդ ճանապարհով։ Որն է իրենց երազած Հայաստանը՝ նկարագրված է վերը՝ քաղաքական սուբյեկտությունից, իրավունքներից ու դերակատարությունից հրաժարված ժամանակավոր ռեզերվացիա՝ փառատոնների, քեֆերի, սելֆիների համար։
ՔՊ սիրտը դա է ուզում։ Իսկ հայ ժողովո՞ւրդը։ Ժամանակավոր ռեզերվացիան էլ չի լինելու, դրանում կասկած չպետք է լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/30/690876/