Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան տեղեկացրել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում։ Այս մասին դիվանագետն ասել է Daily Sabah թուրքական թերթի հարցազրույցում։
Ինչպես գրում է պարբերականը, Անկարան քանիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր պլատֆորմ, այսինքն՝ «3+3», որը կմիավորի Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը։ Ձեւաչափի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում անցած տարի, Վրաստանը դրան նույնպես չի մասնակցել։
Անցած շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որ նախատեսված է անցկացնել Թուրքիայում։
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը Թուրքիան եւ Ադրբեջանը համարում է ռազմավարական գործընկերներ, իսկ Հայաստանը՝ պատմական եւ բարի հարեւան, տեղեկացնում է Грузия Online-ը։
«Սակայն Ռուսաստանը երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է Ջանջգավան։
«3+3» ձեւաչափի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում անցած տարվա դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ Վրաստանը չի մասնակցի այսպես կոչված «3+3»-ի հանդիպմանը։ Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունում, Վրաստանը չի դիտարկելու այդ ձեւաչափին մասնակցության հնարավորությունը։