Սեպտեմբեր ամսվա ընթացքում բոլոր դպրոցների մոտ ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի երթևեկության վերահսկողություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքերով, դպրոցների մոտ ոստիկանները կլինեն առավոտյան 8-ից մինչև 9-ը և դասերի ավարտին` 11-ից 1-ը: «Ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է հատուկ աշխատանքային գրաֆիկով, հանգստյան օրեր չեն լինելու, բոլոր դպրոցներին կցված են կարգախմբեր, որոնք ողջ ամսվա ընթացքում չեն փոխվելու», - հստակեցրեց նա:
Նորիկ Սարգսյանը հայտնեց նաև, որ ՃՈ կողմից վերջին օրերին ուսումնասիրվել է դպրոցների տեղանքը, անհրաժեշտության դեպքում նոր գծանշաններ են արվել, հաշվի են առնվել նաև տնօրենների և մանկավարժական կոլեկտիվների կողմից արված առաջարկները:
«Խնդրում և պահանջում եմ մեր վարորդներից՝ հատկապես այս օրերին, հատկապես դպրոցամերձ վայրերում լինել զգոն, շտապողականություն չդրսևորել, չգերազանցել սահմանված արագությունը և ղեկին լինել սթափ վիճակում: Երեխաներն էլ պիտի գիտակցեն, որ այս ամենն արվում է իրենց համար, ուստի խնդրում և պահանջում եմ փողոցը հատել հետիոտնային անցում նախատեսող վայրերում և լուսաֆորին հետևելով»,- կոչ արեց նա և հորդորեց բոլոր այն ծնողներին, որոնք իրենց երեխային մեքենայով կտանեն դպրոց չփակեն ճանապարհի երթևեկելի մասը, չխախտեն կանոնները,` այլապես խստորեն կպատժվեն: