Փարաքարի համայնքապետարան քաղաքացիների ներխուժման հետեւանքով այսօր` հունվարի 7-ին, բախում է տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

 տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաշքշուկից հետո վատանում ոստիկանի եւ քաղաքացու ինքնազգացողությունը, նրանք ուշաթափվում են:


Ոստիկանները բիրտ ուժ կիրառելու միջոցով են քաղաքացիներին հեռացնում համայնքապետարանի շենքից, ուր քիչ անց մեկնարկելու էր ավագանու նիստը:

Նշենք, որ դրրանից հետո ոստիկանները պատ են կազմում, որպեսզի չթույլատրեն քաղաքացիների մուտքը համայնքապետարան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։