ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ հունվարի 5-ին ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։
Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։
Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.
Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը,
Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը,
Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 97,3 %-ը,
Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման - 98 %-ը,
Հիմնական պատվարի մարմնի կառուցման -66,0 %-ը,
Փոքր պատվարի մարմնի կառուցման -46․2 %-ը։
Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։
Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմնաված ժամկետներին։
«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն. եվրո։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:
Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 30.12.2021թ. դրությամբ կազմում է 69,5 մլն Եվրո (77.0 %)։