Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ։
Պարեկները, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից մեկը, դիմել է փախուստի: Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել:
Պարզվել է որ Երևանի բնակիչ, 38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար: Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: