Վաշինգտոնը չի դիտարկում Լեհաստանում և Բալթյան երկրներում մշտական տեղակայված ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։ Նրա հայտարարությունը պատասխան էր ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը առ այն, որ ամերիկյան ներկայության կրճատման հարցը կարող է արծարծվել ամերիկյան կողմի և Մոսկվայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում։
«Եվ, ի հեճուկս այս հոդվածում մեջբերված անանուն պաշտոնյայի, վարչակազմը չի կազմում ուժերի հարաբերակցության փոփոխությունների ցուցակ՝ առաջիկա բանակցություններում քննարկելու համար: Այդ պնդումները կեղծ են», ասել է նա։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ռուսաստանը դեռ կարող է Ուկրաինայի հարցով դիվանագիտական լուծում ընտրել հաջորդ շաբաթ Եվրոպայում կայանալիք բանակցություններում, սակայն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «չի շեղվի» Մոսկվայի պահանջների պատճառով:
«Կարծում եմ, որ սա սցենարի մի մասն է՝ բացարձակապես անօգուտ պահանջների ցուցակ կազմելը և այնուհետև պնդելը, որ մյուս կողմը հետաքրքրություն չի ցուցաբերում, ու հետո դա օգտագործել որպես ագրեսիվ գործելու պատրվակ», ասել է Բլինքենը: «Բայց բանը հենց այն է, որ Ռուսաստանում լավ գիտեն, թե որ առաջարկներն են ի սկզբանե դատապարտված ձախողման»։
Իր հերթին, ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լը Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի «լուրջ ռազմավարական հետևանքների», այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի համար։
Հունվարի 12-ին Բրյուսելում կկայանա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և եվրոպական անվտանգությունը, ինչպես նաև «ռազմական գործողությունների, փոխադարձ թափանցիկության և ռիսկերի նվազեցման խնդիրը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնեն արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/09/692049/