Առաջին անգամ Հայաստանի թանգարանային պատմության մեջ` Հ. Թումանյանի տուն-թանգարանում ստեղծվել է 3D տեխնոլոգիայով կահավորված սրահ: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։

Ռալֆ Յիրիկյանի ընտանիքի հանգանակությամբ Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվել են «Մութ ու Լուս աշխարհ» սրահի դռները: 3D տեխնոլոգիայով կահավորված սրահում փոքրիկ այցելուները կարող են դիտել «Ձախորդ Փանոսը» հեքիաթը և ակամայից մասնակից դառնալ դրա գործողություններին: «Ձախորդ Փանոսը» «Մութ ու Լուս աշխարհում» ներկայացված առաջին անիմացիոն ֆիլմը կլինի, որին ժամանակի ընթացքում կավելանան հեքիաթային այլ «աշխարհներ»:

«Մութ ու Լուս աշխարհ» սրահի կահավորման և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար Յիրիկյան ընտանիքը հանգանակել է 10000 ԱՄՆ դոլար:

Սրահի շնորհանդեսի հանդիսավոր բացումը կատարեցին Նարեկ և Սարին Յիրիկյանները և նրանց հյուրերը` Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի սաները:

«Մեր ընտանիքի` մասնավորապես Նարեկի և Սարինի մաղթանքն է բոլոր մանուկներին, որ նրանց մեջ հավերժ ապրի հեքիաթը. եթե մարդը հավատում է հրաշքների, ուրեմն նա բարի, լավատես և արդար է: Մենք ուրախ ենք, որ երեխաներն այժմ կարող են դիտել Թումանյանի` խորը իմաստ կրող հեքիաթները նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էլ ավելի տպավորիչ և հիշվող կլինի նրանց համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, Հ. Թումանյանի տուն-թանգարանը թողարկել է «Մութ ու Լուս աշխարհի» 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ, որոնց վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: