Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:

Վարժական հավաքներին կներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:


Այդ ընթացքում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց, մասնավորապես, 39 բուլդոզեր եւ 6 էքսկավատոր:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, անհրաժեշտությամբ: