Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է նույն մարզի բնակիչ Էդիկ Ենոքյանի գործով դատական նիստը: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Մոս» ռեստորահյուրանոցային համալիրի տնօրեն, ղեկավարելով իրեն պատկանող , Երևան-Սևան մայրուղու 40կմ. հատվածում գտնվող «Մոս» ռեստորահյուրանոցային համալիրը, 2013թ.փետրվար ամսից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում հյուրանոցը պահել , ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ Էդիկ Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն և հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն հյուրանոց և անհրաժեշտության դեպքում տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց՝ գույքային օգուտ ստանալով , հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատաքննության ընթացքում պարզված հանգամանքներից հետո դատարանը վճռեց ԷԴԻԿ ԵՆՈՔՅԱՆԻՆ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավմամբ, առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: