Չինացի գիտնականները ստեղծել են հատուկ խցիկ ցածր ձգողականությամբ լուսնի պայմանների նմանակման համար, տեղեկացնում է South China Morning Post պարբերականը։
Լուսնի սիմուլյատորի նախատիպը ստեղծվել է Չինաստանի լեռնային գործի եւ տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից։ Սարքը 60 սմ տրամագծով կլոր խցիկ է, որը գտնվում է վակուումի պայմաններում։ Դրա շնորհիվ նրա ներսում պահպանվում է ձգողականության ցածր մակարդակ, այնպիսին, ինչպիսին Երկրի բնական արբանյակինն է։
Գիտնականները պատմել են, որ լուսնի սիմուլյատորի օգնությամբ կկարողանան թեստավորել տարբեր սարքերի աշխատանքը դրանք տիեզերք ուղարկելուց առաջ։ Մասնագետները նաեւ կարծում են, որ խցիկը կօգնի ապագայում հաշվարկել տարբեր նրբություններ լուսնակայանի հնարավոր կառուցման ժամանակ։
Լրագրողների հետ զրույցում հետազոտության հեղինակները տեղեկացրել են, որ ներկա պահին Երկրի վրա ցածր ձգողականությունը փորձարկելու միակ միջոցը ինքնաթիռով թռիչքն է ազատ անկման ռեժիմով։ Գիտնականները նշել են, որ վակուումային խցիկի ստեղծման համար ոգեշնչվել են մագնիսական դաշտերի հայեցակարգից, որը նկարագրել է նոբելյան մրցանակակիր Անդրեյ Գեյմը (Ռուսաստան) 2000թ.։