«Թերևս միայն պաշտոնական քարոզչամիջոցները չգիտեն, որ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է: Մեր երկրի տնտեսական վիճակը իրոք աղետալի է և հուսադրող հեռանկարներ կարծես չեն երևում: Եվ այդ ֆոնին մի ցնցող տեղեկատվություն, երեկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ արտագնա նիստ է գումարել... Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, որի ժամանակ ներկայացվել է այս տարվա աոաջին կիսամյակի բյուջեի կատարման մասին տեղեկատվություն»:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում:
«Նկատենք, որ Ծաղկաձորի «Մարիոթը» համարվում է Հայաստանի ամենաճոխ ու թանկարժեք հյուրանոցային համալիրը և պատկանում է «Հայռուսգազարդին»: Թե որքան է արժեցել այս արտագնա նիստը, կանդրադառնանք առաջիկայում, մանավանդ որ այդ նիստը տևելու է ևս երկու օր: Ինչո՞ւ են որոշել նիստը հրավիրել Ծաղկաձորի «Մարիոթում»: Մեր թղթակցի այս հարցը կարծես նույնիսկ զարմացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին.
«Դուք որտե՞ղ էիք ուզում, որ անեինք»,- հարցին հարցով է պատասխանել նա: «Այնտեղ, որտեղ միշտ եք արել (ՀՀ Աժ-ում- խմբ)»,- նկատել է թղթակիցը: «Դե. ուրեմն, ուրիշ բաներ ենք քննարկել, ոչ թե սովորական բաներ»,-ասել է Մինասյանը: Թղթակցի նկատառմանը, թե միայն Ծաղկաձորու՞մ պետք է լինի, որ կարողանան «ուրիշ բաներ» քննարկել, Մինասյանն էլ երկար պատասխան է տվել և հայտնել, որ այդ նիստն անցկացնելու ծախսերը հոգացել է մի գերմանական կազմակերպություն: Շատ ճիշտ է ասում Գագիկ Մինասյանը՝ ինչպե՞ս կարելի է «ուրիշ բաներ» քննարկել առանց վերը ներկայացված լողավազանում լող տալու, աոանց ճոխ համարում մի թեթև աչք կպցնելու, աոանց ճոխ «ֆոյեում» աստղաբաշխական գնով մի գավաթ կոնյակ ըմբոշխնելու: Բա Հայաստանի տնտեսական վիճակը լավ չի չէ՞, պետք է քննարկել շատուշատ «ուրիշ բաներ»: