Հայկական արտաքին քաղաքականության ալֆան ու օմեգան՝ Փաշինյան-Միրզոյան դուետը երեկ ԱԺ-ում փայլեց իր ողջ էությամբ։ Ճիշտ է, Փաշինյանը գրեթե չխոսեց, խոսելու պարագային էլ չկար նախկին էնտուզիազմն ու խամրած տեսք ուներ, փոխարենը նրա անունից խոսում էր ԱԳՆ կոչվող կառույցի ղեկավար Արարատ Միրզոյանը։

Սահմանազատմանը, Արցախի խնդրին, Մինսկի խմբին, Բաքվի ներխուժումներին, ՀԱՊԿ-ին դիմելու, հայ-թուրքական «կարգավորմանը» եւ այլ հարցերին պատասխանները մեկնաբանելու կարիք չկա։ ՔՊ-ական իշխանության դիրքորոշումն ու գործելակերպը հայտնի է, ԱԳՆ ջախջախումից ու «վարչապետի աշխատակազմի հետ բովանդակային հաղորդակցության հաստատումից» հետո այն առավել հստակ է դարձել։

ՀՀ «արտաքին քաղաքականությունը» թելադրվում է Մոսկվայից ու Բաքվից, ընդհուպ պաշտոնական տեքստերում կիրառվող եզրաբանությունը։ Օրինակ՝ «հայ-ադրբեջանական սահման», «ՀՀ սուվերեն տարածք», «խորհրդային քարտեզներով սահմանազատում» եւ այլն, որոնք Բաքվի ներխուժումներն ու Հայաստանի տարածքի վերաձեւումը «հիմնավորելու», հանրությանը դրան համակերպելու նպատակ ունեն։ Այդ եզրաբանությունը խորն արմատավորվել է խորհրդարանի «ընդդիմության» ու դրան հարող հայտնի շրջանակների բառապաշարում։

Նույնը վերաբերում է «հետպատերազմյա կարգավորման» բոլոր խնդիրներին։ Այդ ամենը երեկ դրսեւորվեց Փաշինյան-Միրզոյան զույգի պատասխաններում։ Արժե ընդգծել ԱԳՆ քաղկոմիսարի պատասխանը սահմանազատումը սկսելու եւ Հայաստանի առաջարկների վերաբերյալ հարցին․ «քարտեզի վրա միայն մենք, Արցախն ու Ադրբեջանը չենք։ Կան բազմաթիվ շատ մեծ քանակով պետություններ, որոնց մի մասն ունեն շատ հզոր տնտեսություն և հզոր բանակներ։ Դրանք բոլորն ունեն շահեր, մի մասն ունեն շահեր, որոնք հակադրվում են իրար, մի մասն ունեն շահեր, որոնք ինչ-որ հանգամանքներում զուգահեռվում են կամ համընկնում են։ Եվ որևէ աշխարհաքաղաքական իրողություն պետք է հաշվի առնել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ այդ զարգացումները ոչ միայն շատ սրընթաց են, այլ նաև վտանգավոր ոչ միայն մեր, այլ շատ ավելի լայն տարածաշրջանի ու աշխարհի համար»։

Ուզում ենք այդ ամենն անել, բայց կան պետություններ, որոնք չեն թողնում՝ ահա ՀՀ իշխող խմբակի քաղաքական ողջ հավատամքը։ Այն, ինչի մասին խոսում է քաղկոմիսարը, կոչվում է քաղաքականություն, իսկ շահերի հակադրությունը ինչպես ռիսկեր ու վտանգներ, այնպես էլ հնարավորություններ է առաջացնում սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Քաղկոմիսարը խոսում է միայն վտանգներից, եւ դա վկայում է ամեն ինչի մասին։

ՔՊ-ական իշխանությունը վարում է Հայաստանը, ինչպես վարչապետը կասեր՝ «հետեւողական» հանձնելու քաղաքականություն, խաղաղ դարաշրջանի բարբաջանքով։ Գիտակցաբար թե պարտադրանքի տակ՝ էական չէ։ Եթե պարտադրանք է եւ չկա իրավիճակից դուրս գալու քայլերի պատկերացում՝ պետք է այդ մասին ասել ժողովրդին եւ հեռանալ, տանելով նաեւ ՔՊ-ական իշխանության հենարանին՝ խորհրդարանի «ընդդիմությանը»։ Դրա ժամանակը մոտենում է։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/20/694191/