Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:
Այն հակամարտությունները բաժանում է երեք խմբերի կամ ազդեցության շերտերի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կամ իրավիճակների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամաբ ազդեցությունը որոշվում է հարցումների և հետազոտությունների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյաներ, արտաքին հարաբերությունների ոլորտի փորձագետներ, վերլուծաբաններ և մասնագետներ պատասխանում են կենտրոնի տրամադրած հարցմանը, որի արդյունքում այս կամ այն հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ևս ընդգրկվել է կենտրոնի զեկույցում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Զեկույցի գնահատմամբ՝ լարվածության սրացման հավանականությունը միջին է, որը, սակայն, ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար:
Իսկ բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից և իրադրություններից են, ըստ հետազոտության արդյունքների, Աֆղանստանում, Հայիթիում, Լիբանանում և Վենեսուելայում ստեղծված կացությունը, Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները, հավանական ընդհարումը Իսրայելի ու Իրանի միջև, Հյուսիսային Կորեայի փորձարկումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Բացի այդ, այս խմբի կարևոր զարգացումներից են նաև ամերիկյան ենթակառուցածքների դեմ ուղղված կիբեռ հարձակումները:
Միջին ազդեցություն, հավանականություն ու կարևորություն ունեցող խմբում ներառված են լարվածության աճը Եթովպիայում և Եմենում, Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային տարաձայնությունները, իրավիճակը Քաշմիրում, իսրայել-պաղեստինյան հակամարտությունն ու Թուրքիայի բանակի ու քրդական զորամիավորումերի միջև հնարավոր ընդհարումները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում: Այս նույն խմբում, քիչ հավանականությամբ, ընդգրկված են նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև Հարավային Չինական ծովում տարաձայնություններն ու ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումները:
Երրորդ խմբում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բացի, ընդգրկվել են անջատողականության աճը Բոսնիա-Հերցեգովինայում, Կամերունում առկա քաղաքական անկայունությունը, Եթովպիայի ու Սուդանի միջև հնարավոր տարածքային վեճը, իրավիճակը Լիբիայում, Մոզամբիկում, Մյանմարում, Նիգերիայում, Սոմալիում, ինչպես նաև Ալժիրի ու Մարոկկոյի միջև անհամաձայնությունը Արևմտյան Սահարայի շուրջ: Այս խմբում է ընդգրկված նաև աֆրիկյան մայրցամաքի Սահելյան շրջանում ստեղծված կացությունը:
Զեկույցի հրապարակման տասնչորս տարիների ընթացքում առաջին անգամ բազմաթիվ զոհերով ուղեկցվող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության կողմից ուղիղ հարձակումը Միացյալ Նահանգների դեմ չի ընդգրկվել առաջին խմբում: Հարցմանը մասնակցած մասնագետների մեծ մասի կարծիքով նման հարձակումն ունի միջին հավանականություն 2022 թվականի ընթացքում: