Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցում հարցեր են հնչել Ալիևի գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ։
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ին չընդլայնվելու վերջնագիր ներկայացրած Մոսկվան ինչպես է վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամի և Ադրբեջանի ռազմական սերտ համագործակցությանը, Զախարովան ասել է, որ «համագործակցությունը չպետք է հակասի Եվրոպայում անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքներին»։
Երկկողմ հարաբերությունների կառուցումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, կարևոր է, որ այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ալիևի այցը Կիև, որի ընթացքում Ալիեւը հայտարարել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» ճանաչման մասին։
Զախարովան հիշեցրել է, որ Ալիեւի Կիեւ կատարած այցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ, որը նախաձեռնել է ադրբեջանական կողմը։
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ալիևի սպառնալիքները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Արցախ կատարած այցի կապակցությամբ։ Ալիեւն ասել է, որ Լաչինի միջանցքը վերահսկվում է ոչ թե ռուս խաղաղապահների, այլ իրենց կողմից։ «Եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով», ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Հարցին, թե ինչպես է Մոսկվան արձագանքում Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տա Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան խնդրով, Զախարովան ասել է, որ «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այս ձևաչափի շարունակմանը, առաջին հերթին՝ իր ձևաչափին համապատասխան մանդատով և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ձևավորվել են 2020 թվականի պատերազմից հետո», ավելացնելով, որ խոսքը նախեւառաջ հումանիտար խնդիրների մասին է։
Նա նշել է, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովին համանախագահները երկու նախարարներին են փոխանցել «հավասարակշռված, շատ իրական առաջարկ հետագա համագործակցության օրակարգի վերաբերյալ։ Համանախագահների առաջարկած օրակարգը շոշափում է ինչպես հումանիտար, այնպես էլ սոցիալ-քաղաքական հարցեր»։
Այսպիսով, Մոսկվան հաստատում է, որ ոչ մի սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության մեջ, որ Ալիևի այցը Կիև եղել է Պուտինի իմացությամբ (կամ գուցե նրա հանձնարարությամբ), որ Լաչինի միջանցքն իրականում վերահսկվում է ոչ թե ռուս խաղաղապահների, այլ Բաքվի կողմից, և Մոսկվան ու Բաքուն ԵԱՀԿ-ին թույլ կտան զբաղվել միայն հումանիտար հարցերով։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/22/694512/