«Հրապարակը» գրում է.

«Ադամանդներ ձեռք բերելու նպատակով Բելգիա եկած հայերն անպայման այցելում են Անտվերպեն՝ իբր որպես արվեստի գիտակ ու սիրահար։ Իսկ «Գնում ենք Ռուբենսի թանգարան» արտահայտությունը գաղտնաբառի նշանակություն ունի, բոլորը գիտեն, որ ասողն իրականում գնում է ադամանդի «որսի»։ Այդպես «Ռուբենսի թանգարան» Էր եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Սաշիկի որդու հարսանիքին ընդառաջ, հավանաբար, թանգարանային արժեք ունեցող խոշոր ադամանդ գնելու նպատակով։ Հետո, «Ռուբենսի» տպավորության տակ, քեֆը լավացրել էր ու մարդկանց ուղեկցությամբ մի կերպ հասել ինքնաթիռ։ Ինչ անենք, թե չարտերային թռիչքը թանկ հաճույք է, և հարկատուների քթից է դուրս գալու գումարը, «զատո» մարդը հարբել է «Ռուբենսի արվեստից»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենաթարմ գնորդները եղել են «Եվրոստան ույուտի» Մանվել Բադեյանի և անշարժ գույքի շուկայում հայտնի, մյուս զավակի գծով Ռ. Քոչարյանի խնամի Մարինա Չատինյանի զավակների հարսանիքին հրավիրյալները։ Էլիտար այդ հարսանիքին նվերներ ընտրելու նպատակով Հայաստանից ոմանք հասել են Բելգիա և «բարոն» Վիգենի խանութից գնումներ արել։ Այսինքն՝ որպես խորը հարգանքի ու նվիրվածության նշան, մեր մեծահարուստներն այլևս այս խանութից են նվեր գնում հայկական էլիտային։ Բացի դա, «բարոն» Վիգենը հուսալի գործընկերոջ համարում ունի և չի բացահայտում շատ հայտնիների ադամանդե տենդի գաղտնիքները։ Ասենք ավելին. նա նպաստում է որոշ շրջանակների միջև գործարար կապերի հաստատմանը։

Ի դեպ, մեր «բիրդան աղաները», հավանաբար, տեղյակ չեն, որ «Սիրտ և նիզակ» խանութի փողոցն ամբողջությամբ տեսանկարահանվում է Բելգիայի հատուկ ծառայությունների կողմից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: