Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը երեկ՝ հունվարի 23-ին, ստացել է։ Այս մասին  ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։


Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից ընդունված է համարվում այն ժամանակից, երբ այն ներկայացվել է Ազգային ժողով:

Հավելենք, որ ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Սա նշանակում է, որ մինչեւ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունը, նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ալեն Սիմոնյանը։