Ես լսել եմ ընդդիմադիր պատգամավորների կողմից ձեզ ուղղված հարցերը եւ ձեր պատասխանները, եւ ունեմ խորագույն կասկածներ, որ ձեր համար դժվար է լինելու այս ոճով իրականացնել ՄԻՊ առաքելությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նկատելով, որ Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ատելության խոսքի դեմ ունեցած իր սկզբունքային դիրքորոշման մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից վերջին տարիներին հնչել են սուր և անթուլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք. «Մասնավորապես, հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլն, և սրանք որևէ փաստով հիմնավորված չեն: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել նման վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական նման բառամթերքի օգտագործմանը, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,- ասաց Արթուր Ղազինյանը:


ՄԻՊ թեկնածուն ցավ հայտնեց, որ թե՛ իր ելույթը, թե՛ հարցուպատասխանը դեռ պատգամավորի մոտ կասկածներ է թողել և հայտնեց, որ դրա դեմ պայքարելու է պաշտպանին կից խորհուրդների ձևաչափով, քանի որ կարծում է՝ այստեղ գործ ունեն և՛ հանրային գործիչները, և՛ լրագրողները. «Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- ընդգծեց ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը: