Այսօր ունենք բանակ, որն իր առջեւ դրված խնդիրները այս պահին կատարելով կդառնա այն բանակը, որը մեզ թողել էր Վազգեն Սարգսյանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բայց դրա համար բոլորս պետք է մեր նպատակները մեկտեղենք եւ դուրս գանք այն այն իրավիճակից, որի արդյունքում ունեցանք 44-օրյա պատերազմում անհաջողություններ, պարտություններ: Դրա համար, այն, ինչ նշված է կառավարության ծրագրում, պետք է դարձնենք իրողություն՝ կռուցել այն բանակը, որը պետք է լինի ժամանակակից սպառազինությամբ, ինտելեկտուալ կարողությունների եւ իր առջեւ դրված խնդիրների կատարման տեսանկյունից անխոցելի»,-ասաց նա:
Հարցին, թե այսօր կարողանո՞ւմ ենք ձեռք բերել համապատասխան զինտեխնիկա՝ թշնամուն հակազդելու համար, նա պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, այդ աշխատանքները առանց դրա հնարավո՞ր է, մշտապես նման խնդիրների լուծումով մենք պետք է վերջնամասում իրականացնենք կառավարության ծրագրում դրված խնդիրները: Դրա համար յուրաքանչյուրը պետք է ինչ հնարավորություններ ունի, ներդնի ի նպաստ մեր երկրի անվտանգության»:
Նշենք, որ այսօր Բանակի 30-ամյակն է, սակայն այն գրեթե չի նշվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել: Նույն վիճակում են նաեւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների մեծ մասը, որոնք բոլորը մասնակցել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: