ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ստեփանավանի օդանավակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:
Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա: Ընկերությունը 2006 թվականից գործունեություն չի ծավալում:
2012 թ. բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի կառավարումը նպատակային իրականացնելու համար առաջարկներ ստանալու նպատակով:
ՀՀ ԱԻ նախարարության կողմից ստացվել էր առաջարկ ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները նախարարությանը փոխանցելու վերաբերյալ, հայտնելով, որ ՀՀ ԱԻՆ կողմից, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնակցությամբ, ուսումնասիրվել են Ստեփանավանի օդանավակայանի հետագա շահագործման և տնօրինման նպատակահարմարության հարցերը։ Արդյունքում եզրակացություն էր արվել, որ բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքներն արդյունավետ և առավել օպերատիվ իրականացնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը խիստ անհրաժեշտ է իր ենթակայության տակ ունենալ օդանավակայան: