ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «բացահայտ սուտ» է որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքն ամբողջությամբ տիրապետում է բանակցային գործընթացին վեաբերվող ամբողջական ինֆորմացիային:
«Գիտեք, կարելի էր արժանապատվությունից ցածր համարել և չանդրադառնալ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հնչած ելույթներին և հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով և մանիպուլյացիաներով: Բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել Ձեր հրավերը: Եվ այդ հանգամանքներից առաջինն այն է, որ այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է: Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Փաստաթուղթ ընթերցելով` դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ: Սա շատ կարևոր հանգամանք է», - իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը:
Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանը մեծամտորեն հայտարարում է, որ տիրապետում է ամբողջական ինֆորմացիային, այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին «ընկան թակարդ», երբ որ առաջարկվեց նոր փաստաթուղթ ու իշխանությունն ընդունեց այն որպես բանակցությունների համար հիմք ու մեկ ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով, որ չկա բանակցային պրոցես:
«Մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ, երբ որ Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը», - նշեց Սերժ Սարգսյանը: