ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում Կրեմլը շարունակում է կոշտ հարվածներ ստանալ Չինաստանից ու Թուրքիայից։ Պեկինն ու Անկարան Արեւմուտք չեն եւ հակված չեն դիվանագիտական նրբություններին։ Երեւի այդ պատճառով էլ ՌԴ առաջին դեմքերը եւ քարոզչությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ հիստերիկ հռետորաբանության ֆոնին չափազանզ զգուշավոր են Չինաստանի ու Թուրքիայի հարցում։
Պեկինի ու Անկարայի հետ հարաբերությունը Կրեմլի վարչակարգի համար նուրբ հանգամանք է մեկ այլ առումով՝ քարոզչական պլանում նրանք ներկայացվել են որպես դաշնակիցներ ու թիկունք՝ Արեւմուտքի հետ դիմակայության հարցում։ Սակայն Ղազախստանի հարցում Պեկինն ու Անկարան Պուտինից պահանջեցին հանել զորքերը եւ «մոռանալ ազդեցության գոտու» մասին։ Ուկրաինայի հարցում նույնպես Կրեմլի հույսերը չեն արդարանում։
Արեւմուտքից անվտանգության երաշխիքներ եւ Բայդենից հանդիպումներ խնդրելու հանգամանքն արդեն իսկ խարխլում է Կրեմլի իմիջը։ Ուկրաինայի հարցում Չինաստանը եւ Թուրքիան դեմ են ռազմական գործողություններին։ Ավելին, Անկարան եւ Պեկինը Պուտինին առաջարկել են հանդիպում կազմակերպել Զելենսկիի հետ։ Կրեմլի խոսնակի նյարդային արձագանքն այս առաջարկներին պատահական չէ՝ Անկարան եւ Պեկինն այդպիսով փաստացի հայտարարում են, որ դա Ուկրաինա-Ռուսաստան ուղիղ հակամարտություն է եւ ոչ թե ներուկրաինական խնդիր, ինչպես պնդում է Մոսկվան։ Իր հերթին, Անկարան հայտարաել է, որ շարունակելու է ռազմական աջակցությունը Ուկրաինային։
Պուտինն իր «աշխարհքաղաքական ռեւիզիոնիզմը» կառուցում էր Չինաստանի ու Թուրքիայի որոշակի դերակատարման հաշվարկով, որոնք չեն արդարանում։ Ավելին, ներկայում Ռուսաստանն ինքն է դարձել գործիք եւ տեղ-տեղ մանրադրամ ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար, Թուրքիան էլ հմտորեն օգտագործում է այդ հանգամանքը։
Ուկրաինայի շուրջ հռետորաբանության կոշտացումը եւ պատերազմի հավանականության քարոզչությունը ավելի են ընդգծում այս հանգամանքը։ Հայաստանի դեմ Թուրքիայի հետ համատեղ արշավը չափազանց թանկ է արժենալու Պուտինի ռեժիմին եւ Ռուսաստանին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/31/695828/