Սերժ Սարգսյանն, ինչպես և ազդարարել էին նրա կուսակիցները, հարցազրույցի տեսքով ներկայացրեց արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու գնահատականների իր պատասխանը: Թերևս հարկ է նկատել, որ պատասխանն առնվազն առավել համոզիչ չէր, քան Փաշինյանի հայտարարությունները և գնահատականը: Ավելին, Սարգսյանի խոսքը պարունակում էր բավականին հակասություններ: Սակայն, այժմ թերևս չկա դրանց մանրամասնությունների մեջ խորամուխ լինելու անհրաժեշտություն, քանի որ պարզ է մի բան՝ թե Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը, թե նախկին մյուս երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը որքան էլ խոսեն բանակցային գործընթացի մասին, նախ՝ բնականաբար այդ գործընթացը ներկայացնելու են իրենց համար շահեկան լույսի ներքո, և մյուս կողմից, ինչը թերևս առանցքայինն է, նրանք չեն ներկայացնելու պատկերն ամբողջությամբ: Ընդ որում, այստեղ թերևս մեղադրանքը անտեղի է, այն իմաստով, որ ներկա կամ նախկին առաջին դեմքերը չեն կարող բացահայտել կարևորագույն հարցի շուրջ իրենց քաղաքական հաղորդակցության ամբողջ պատկերը, քանի որ այդ հաղորդակցությունը ոչ միայն պարունակել է բանակցային ֆորմալ գործընթացը, այլ նաև հարաբերություններ այդ գործընթացում ներգրավված միջնորդ երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, քննարկումներ տարբեր այլ հարցերի վերաբերյալ, միջանձնային շփումներ միջնորդների և Ադրբեջանի ղեկավարների հետ: Սա քաղաքական օրգանական մի գործընթաց է, որ հատուկ է բոլոր երկրներին և հետևաբար այն բոլոր պարագաներում ենթակա չէ ամբողջական պատկերման: Իսկ դա նշանակում է, որ պատրանք է մտածել, թե հանրությանը երբևէ ամբողջապես պարզ կլինի գործընթացը իր դետալներով:
Եվ թերևս անպատկերացնելի է, որ, օրինակ որևէ ներկա կամ նախկին բանակցող հայտարարի, որ չնայած ֆորմալ իմաստով կարգավորման իքս տարբերակը համատեղ ներկայացնելուն, համանախագահները այդուհանդերձ ունեին դրա իրական իմպլեմենտացիայի վերաբերյալ ռազմավարական տարբերությամբ պատկերացումներ: Այդ մասին թերևս չափազանց խոսուն է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ 44-օրյա պատերազմից հետո հրապարակած հոդվածը, որտեղ նա պատմում է իր և իր պաշտոնավարման շրջանում ռուսաստանցի համանախագահի հետ զրույցը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում