«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանման գործընթացն ընթացքի մեջ է։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) երեկվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ կողմերը պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Դա նշանակում է, որ այսուհետ Թուրքիան արդեն պաշտոնապես է լինելու Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, եւ ցանկացած հարձակում Ադրբեջանի վրա հավասարազոր է դառնում Թուրքիայի վրա հարձակման։ Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Շուշի քաղաքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է, որը բացարձակապես չի բխում հայկական շահերից։ Չափազանց կարեւոր է արձանագրել, որ հռչակագիրը հղում ունի 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։ Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: Սրանով, փաստորեն, երկու հանցակից պետություններն արդեն միավորելու են ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը կասեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։
Միաժամանակ Շուշիի հռչակագրի ընդունումը կարելի է առաջին քայլը համարել միասնական պետության եւ միասնական բանակի ստեղծման ճանապարհին։ Մի կողմ դնելով Ադրբեջանի համար նման սերտ համագործակցության շահավետ լինելը՝ ակնհայտ է, որ մեծանալու է Թուրքիայից կախվածությունը։ Դա այն գինն է, որը վճարում է Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի աննախադեպ օգնության դիմաց։ Թե ինչպիսի հետեւանքներ կունենան այդ «աջակցությունն» ու «օգնությունը» եւ որքանով ձեռնտու կլինեն հետագայում Ադրբեջանի համար, դեռ վաղ է խոսել, սակայն ակնհայտ է, որ թուրքական օրակարգը գերակա է դառնալու։ Իսկ առայժմ ընթանում է համակողմանի ինտեգրման գործընթաց։ Նախօրեին «Forbes» ամսագրում վերլուծաբան Փոլ Իդոնը գրել էր, որ Բաքուն ակնկալում է ընդլայնել իր ռազմաօդային նավատորմը Թուրքիայից ձեռքբերումների միջոցով։ Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս օդուժը բաղկացած է ռուսական արտադրության տասնյակ ՄիԳ-29 կործանիչներից եւ մոտավորապես նույնքան Սու-25 գրոհային ինքնաթիռներից։ «Ադրբեջանը կարող է շահագրգռված լինել նաեւ «Հյուրջեթ»-ով (թուրքական ուսումնական ինքնաթիռ), հենց որ այն դուրս գա հավաքման գծից, որպեսզի ուժեղացնի իր ավիացիան, պատրաստի նոր օդաչուներ»,- հրապարակման հեղինակի խոսքերն է մեջբերել «Edaily»-ն։ Իսկ «Հյուրքուշ» ինքնաթիռը կարող է թռչել անպատրաստ թռիչքուղուց, նախատեսված է օդաչուներին պատրաստելու, հետախուզական կամ նույնիսկ թեթեւ հարձակման առաքելություններ կատարելու համար եւ ունակ է հարվածային զենք կրելու։ Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնել Սու-25-երը՝ դրանք համատեղելի դարձնելով թուրքական զինատեսակների, այդ թվում՝ SOM թեւավոր հրթիռի հետ, որի հեռահարությունը մոտ 240 կմ է։ Եթե 2015-2019 թթ. Բաքուն իր զենքի միայն 3.2 տոկոսն էր ձեռք բերում Թուրքիայից, ապա 2021 թ. հունվար-ապրիլին Ադրբեջանն ավելի քան 117 միլիոն դոլարի զենք եւ զինտեխնիկա է գնել։
Ռազմական ոլորտից բացի, համագործակցությունը զարգանում է այլ ուղղություններով եւս։ Մասնավորապես՝ երեկվանից Ադրբեջանում սկսել է հեռարձակվել նոր՝ «Ռադիո TMB» ռադիոն, որն ուղղված է լինելու «թյուրք ժողովուրդների միասնության ամրապնդմանն ու մշակույթների հանրահռչակմանը»: Նոր ռադիոյի նախագիծը ներկայացնում է TMB (Tսrk Millətlər Birliyi) տեղեկատվական խումբը, որն իրականացնում է թյուրքական երկրների եւ ժողովուրդների տեղեկատվական ոլորտի զարգացմանն ուղղված նախագծեր։ Թյուրքալեզու երկրներին մշակութային միասնական հարթակում միավորելու նախաձեռնություններին աջակցում է նաեւ «TURKSOY» միջազգային կազմակերպությունը: Այսպիսի նախաձեռնություններով էլ թուրքական պետությունն ապահովում է մշակութային-գաղափարական սերտաճումը, ինչը թեեւ ժամանակատար, սակայն ավելի խորքային հետեւանքներ է ունենում հասարակությունների համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: