Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքում գտնվող հացատան սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տասնյակ տարիներ գործող օբյեկտն արդեն քանդվում է, ինչի շնորհիվ տարածքը կդառնա բարեկարգ ու հարմարավետ հանգստի գոտի։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ծանոթացել հացատան ապամոնտաժման աշխատանքների ընթացքին։
«Մշակութային մեր գործիչների կողմից բազմիցս էր բարձրացվել այս հարցը, և բանակցելով սեփականատիրոջ հետ ու համաձայնեցնելով մեր քայլերը, այսօր իրականացնում ենք ապամոնտաժման աշխատանքները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև սեփականատիրոջը, որ համաձայնեց ապամոնտաժել գործող հացատունն ու տարածքը վերադարձրեց համայնքին: Վստահ եմ, որ սա օրինակ կծառայի նաև մյուս սեփականատերերի համար, ովքեր ևս նման տարածքներում ունեն սեփականություն: Ու մենք պատրաստ ենք, բանակցելով նրանց հետ, բոլոր այդ տարածքները բարեկարգել ու վերադարձնել մեր երևանցիներին»,- ընդգծել է քաղաքապետը:
Շրջելով զբոսայգու տարածքում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել ապամոնտաժման աշխատանքներն ու սկսել բարեկարգման գործընթացը:
Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն պատրաստ են նաև Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքի համալիր բարեկարգման ու դենդրոնախագծերը: Քաղաքապետը վստահ է, որ հայոց մեծերի վերջին հանգրվանը դարձած պանթեոնի հարակից տարածքը ևս առաջիկայում կդառնա երևանյան սիրված հանգստի գոտիներից մեկը։
«Ուսումնասիրելով Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցման նախագծերը` այգու այս տարածքի բարեկարգման ու կանաչապատման համար ևս համալիր մոտեցում ենք ցուցաբերելու: Աշխատանքների ավարտից հետո թանգարանը և այգին մեկ ընդհանուր համալիր կդառնան: Վստահ եմ, որ այս տարածքը ինչպես երևանցիների, այնպես էլ Երևանի հազարավոր հյուրերի համար կդառնա ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: