Հայաստանի և Արցախի նախկին չորս նախագահները անցնող օրերին միասին մասնակցեցին երգահան Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին, հետո ՀՅԴ 131-ամյակի առիթով հանդիսավոր միջոցառմանը: Չի բացառվում, որ Հայաստանի ու Արցախի նախկին չորս նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, միասին անցկացրած լինեն որոշակի այլ ժամանակ էլ, ինչի մասին սակայն չի եղել հրապարակային բարձրաձայնում: Սակայն, «քառյակի համատեղության» հրապարակային ակտի դրսևորումը անկասկած նկատելի է և թերևս կասկած չկա, որ առիթները չեն այստեղ գլխավորը: Սակայն, գլխավորը մատնացույց անելն էլ թերևս բարդ է և իրավիճակը այդ առումով միարժեք չէ:
Այդուհանդերձ, «քառյակի» միասնական «ելույթը» հետաքրքիր է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի և ընդհանրապես արցախյան բանակցային ժառանգության շուրջ ծավալված Փաշինյան-Սարգսյան անուղղակի բանավեճի ֆոնին: Այդ ֆոնին հետաքրքիր է ու խորհրդանշական, որովհետև Սերժ Սարգսյանի թողած բանակցային «ժառանգություն» ասվածը գործնականում հենց քառյակի ժառանգություն է, իհարկե որոշակիորեն հարաբերական իմաստով, չորսի միջև փոխհարաբերությունների բազմաշերտությամբ հանդերձ: Ահա այստեղ է նաև ուշագրավ, որ չորս նախկին նախագահների «միասնական» հրապարակային դրսևորումը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, որտեղ նա խոսում էր բանակցային որոշակի փաստաթղթեր տնօրինելու մասին, որոնք պատրաստ է հրապարակել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Խնդիրն իհարկե այդ իմաստով բավականին լայն է, որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանը կանգնել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգության փաստի առաջ, ապա Սարգսյանն էլ իր հերթին կանգնել է Ռոբերտ Քոչարյանի թողածի առաջ: Սակայն, ամեն ինչ չի սահմանափակում միայն դրանով, որովհետև, օօրինակ ի տարբերություն Փաշինյանի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից իշխանությունը «ժառանգել» է ոչ թե այսպես ասած դրսից, այլ մինչ այդ լինելով Ռոբերտ Քոչարյանի կառավարության պաշտպանության նախարարը, բայց մեծ հաշվով դե ֆակտո ավելին՝ Քոչարյանի գլխավորած համակարգի երկրորդ բևեռը, երկրորդ նշանակալի ֆիգուրը: Այլ կերպ ասած, Սարգսյանն ունեցել է անմիջական դերակատարում այն համակարգում, որի գլուխ եղած Ռոբերտ Քոչարյանը թողել է բանակցային ժառանգությունը:
Սերժ Սարգսյանը ունեցել է այդ ժառանգության համար նշանակալի պատասխանատվություն: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նրան չէ, որ ուզում էր թողնել այդ ժառանգությունը: Կան որոշակի հանգամանքներ և հիմքեր առնվազն ենթադրելու, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր իշխանությունը «կտակել» ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, իսկ գուցե նաև այդ «կոմբինացիայի» համատեքստում էլ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հետագայում նախագահի պաշտոնի վերադարձի ակնկալիքով, ինչպես Պուտին-Մեդվեդև տարբերակում: Բայց, ՌԴ նախագահ Պուտինը թերևս այդ տարբերակը «պահել» էր միայն իր համար և Հայաստանի պարագայում նա հավանություն տվեց Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի տարբերակին: Թեև, հնարավոր է Սարգսյանն ի տարբերություն Քոչարյանի «նվաճեց» այդ հավանությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում